Թրամփը հանդես է եկել ամերիկացիներին հղած ուղերձով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ամերիկացիներին հղած հատուկ հեռուստաուղերձով, որը նվիրված է «շաթդաունին», հայտարարելով Մեքսիկայի սահմանին ճգնաժամի մասին:

Թրամփը հանդես է եկել ամերիկացիներին հղած ուղերձով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ամերիկացիներին հղած հատուկ հեռուստաուղերձով, որը նվիրված է «շաթդաունին», հայտարարելով Մեքսիկայի սահմանին ճգնաժամի մասին:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ խոսքը վերաբերում է ինչպես անվտանգության ոլորտում ճգնաժամին, այնպես էլ հումանիտար ճգնաժամին:

«Բոլոր ամերիկացիները տուժում են ապօրինի միգրացիայի պատճառով»,- հավելել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հազարավոր մարդիկ կարող են զոհվել  միգրացիայի հետ կապված հանցավորության պատճառով, որի թիրախում են հայտնվում ինչպես միգրանտները, այնպես էլ ամերիկացիները:

Թրամփը հույս է հայտնել, որ կառավարության «շաթդաունը» կդադարեցվի չորեքշաբթի Կոնգրեսի առաջնորդների հետ իր հանդիպման արդյունքների շնորհիվ: «Խնդրի միակ լուծումն այն է, որ դեմոկրատները ընդունեն ծախսերի մասին օրենքը, որը կպաշտպաներ մեր սահմանները եւ կառավարությունը կբացեր: Այս իրավիճակը կարող է կարգավորվել 45 րոպեում հանդիպման ժամանակ»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ պատրաստ է դեմոկրատներին զիջման գնալ եւ արդեն չի պնդում, որ պատը բետոնե լինի՝ համաձայն է պողպատե պատնեշին:

Թրամփը, միաժամանակ, վստահություն է հայտնել, որ Մեքսիկայի սահմանին պատը «ծախսն արագ կփոխհատուցի», այդ թվում՝ Մեխիկոյի հետ ձեռնտու առեւտրային համաձայնագրի շնորհիվ:

«(ԱՄՆ-ում հայտնվող) ապօրինի թմրանյութերի արժեքը գերազանցում է տարեկան 500 մլրդ դոլարը, որը շատ ավելին է, քան 5,7 մլրդ դոլարը, որ Կոնգրեսից խնդրել ենք (պատի կառուցման համար): Պատի համար նաեւ կվճարվի միջնորդավորված՝ նոր առեւտրային համաձայնագրի հաշվին, որը ստորագրել ենք Մեքսիկայի հետ»,- հայտարարել է նա:


Պիտակներ: ուղերձ , նախագահ , ԱՄՆ

Այս թեմայով լուրեր